Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ՃՈՃՎՈՂ ՍՅԱՆ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ

ՃՈՃՎՈՂ ՍՅԱՆ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ
17.04.2012 | 00:00

Տաթևի վանական համալիրի բակում 906 թվականին կառուցված ճոճվող սյունը, որը հայտնի է նաև Գավազան անվամբ, միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի կառույցներից է: Մոտ ութ մետր բարձրությամբ ութանկյուն այս սյան գագաթը պսակված է խաչքարով: Սյունը նվիրված է Սուրբ Երրորդությանը: Այն կառուցվել է հիմքում հոդակապային յուրահատուկ հանգույցի վրա, որը հնարավորություն է տալիս սեյսմիկ ցնցումներից կամ ֆիզիկական ուժերի ազդեցությունից ճոճվելու և նորից վերադառնալու իր սկզբնական դիրքին: Ճոճվող սյան կառուցման նպատակի մասին տարբեր վարկածներ են շրջանառվում: Ավելի շատ խոսվում է ռազմական, հակասեյսմիկ և հոգևոր նշանակության մասին:

Վերջերս փաստարկվում է նաև, որ Տաթևում հանրահայտ ճոճվող սյան վերևում ամեն տարի օգոստոսի 11-ին սյան առանցքով՝ ուղղահայաց հայտնվում են Օրիոնի գոտու երեք աստղերը, որոնք մարդկության կորուսյալ ժամանակացույցի հիմնակետն են: Այս տարի օգոստոսի 11-ին ընդլայնված արշավախումբ է ժամանելու Տաթև, կազմակերպվելու է միջազգային դիտում:

Այս ենթատեքստում տագնապահունչ է թվում գավազան-սյան վերանորոգման մասին լուրը: Չուշացան ենթադրություններն առ այն, որ ճարտարապետական այս հրաշալիքը քանդվելու է ուսումնասիրությունների նպատակով:

Նշենք, որ ճոճվող սյունը վերանորոգվելու է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում:

Տաթևի վերականգնման նախագծի հեղինակներ, Հայաստանի պատմական հուշարձանների վերականգնման ասոցիացիայի խորհրդի անդամներ, ճարտարապետներ ԱՄԻՐԱՆ ԲԱԴԻՇՅԱՆԸ և ՍԱՄՎԵԼ ԱՅՎԱԶՅԱՆԸ քաջատեղյակ էին սյան մասին պտտվող հին ու նոր «առասպելներին»:


-Ասում են` 1931-ի վերջին ահեղ երկրաշարժից Տաթևի վանական համալիրի բոլոր կառույցները փլուզվել են` բացառությամբ ճոճվող սյան. այս կարծեցյալ «փաստին» տալիս են տարբեր մեկնաբանություններ, հիմնականում կապելով դրանք սյան աստվածային զորության հետ,- մեզ հետ զրույցում ասաց Ամիրան Բադիշյանը:- Իրականությունը հետևյալն է. ճոճվող գավազանը, ճիշտ է, չի տապալվել երկրաշարժից, բայց նրա ստորին` գոտուց ներքև հատվածը խիստ խարխլվել է: Գյուղի դարբինը զգալով սյան քանդվելու վտանգը, մետաղական օղակաձև կապերով ձգել, ամրացրել է այն, ինչի շնորհիվ էլ այսօր ճոճվող սյունը կանգուն վիճակում է: Եթե այս «վիրակապային» միջոցառումները ժամանակին չիրականացվեին, սյունը թեթև ցնցումից կարող էր քանդվել: Հավելենք, որ այդ փրկիչ օղակներով հանդերձ այն այսօր գտնվում է խիստ վտանգված վիճակում, և բացառված չէ, որ երկրաշարժի դեպքում սյունը պահող աստվածային կամ «տիեզերական ուժերի» զորությունը կարող է ուշանալ: Սյան կանգուն մնալը երկնային զորության հետ կապելով` հարց է առաջանում. իսկ ի՞նչ է, սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին, որն ավելի վաղ է կառուցվել, չունե՞ր նման զորություն, որ քանդվեց: Չի կարելի նման ենթադրություններով առաջնորդվել և վստահորեն հայտարարել, թե այդ կապերով «փչացրել» են սյունը, ինչպես արեց «Կենտրոն» հեռուստաընկերությունը: Սա թյուրիմացություն է, ճիշտ ինֆորմացիայի պակաս, համապատասխան բնագավառին չտիրապետելու արդյունքում սուբյեկտիվ մոտեցում, ինչը, ցավոք վերջին ժամանակներում մեծ տարածում է գտել: Վերջերս էլ համացանցում լուրեր տարածվեցին, թե սյունը քանդվելու է ուսումնասիրությունների նպատակով: Այդ մասին խոսվեց նաև «Կենտրոն» հեռուստաալիքով: Ասենք, որ հարցը պարզվել է, հանդիպել ենք այդ նյութերի հեղինակների հետ, համացանցով նրանք հերքել են իրենց տարածած լուրերը: Դա մասնագիտական լուրջ քննություն չանցկացնելու, գուցե նաև անհանգստության, րոպեական պոռթկման հետևանք էր:

-Ձեզ համար, որպես ճարտարապետի, պա՞րզ է այն մեխանիզմը, որով կառուցվել է սյունը:

ՍԱՄՎԵԼ ԱՅՎԱԶՅԱՆ- Ոչ ամբողջությամբ: Մենք պարզել ենք, որ սյունը ճոճվում է մի ուղղությամբ` հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք առանցքով, ինչը ենթադրում է կառուցվածքի մոտավոր պատկերը: Սակայն այդ մասին առայժմ չենք ուզում խոսել, դա բացարձակ ճշգրիտ լինել չի կարող, մինչև բազմակողմանի հետազոտություններ չկատարվեն: Իսկ ուսումնասիրությունը տվյալ դեպքում անհրաժեշտ է, ինչպես բոլոր պատմաճարտարապետական հուշարձանների և հնագիտական պեղածո նյութերի դեպքում: Օրինակ, վերջերս Արենիի քարանձավից գտնված հնագույն աղմկահարույց կոշիկն ուղարկվեց համապատասխան ուսումնասիրությունների, ինչի արդյունքում հաստատագրվեց պատմական և հնագիտական արժեքը: Այդ դեպքում հարց չառաջացավ` ինչո՞ւ ենք ուսումնասիրում եզակի այդ նմուշը, չէ՞ որ կարող ենք փչացնել կամ կորցնել այն: Այստեղ անհրաժեշտ ենք համարում նշել, որ եթե ցանկացած հարցով զբաղվում են համապատասխան մասնագետները, ապա ենթադրվում է, որ ելքը լինելու է տրամաբանական և ընդունելի: Տաթևի սյունը ճարտարապետական պատմական հուշարձան է, և անկախ նրանից, թե ճոճվելու հատկությունը ինչ նշանակություն է ունեցել (մենք ունենք մեր տեսակետն ու ենթադրությունները դրա վերաբերյալ), որպես ճարտարապետական ճոճվող մեխանիզմ, պետք է կատարել ուսումնասիրություններ, բացահայտել կառույցի առանձնահատկությունները և վերականգնել՝ պահպանելով հուշարձանի նախնական տեսքը, միաժամանակ ապահովելով հուշարձանի հետագա հուսալի գոյատևումը:

-Վերանորոգումից հետո սյունը կպահպանի՞ ճոճվելու հատկությունն ու ամրությունը:

Ս. ԱՅՎԱԶՅԱՆ- Այսօր էլ հուշարձանի շարժման մեխանիզմն աշխատունակ է: Սակայն, բացի նրանից, որ սյունը խարխուլ վիճակում է, երբ ուժ է գործադրվում, շարժվում է նաև սյան գագաթին տեղադրված խաչքարը, որը և ճոճվելու ընթացքում կարող է վայր ընկնել: Այս ամենը հաշվի առնելով` կոնսերվացվել է սյան շարժման հատկությունը. վերանորոգելուց հետո այն կշարժվի, բայց, սկզբնական տատանման մեծության համեմատ, հավանաբար, որոշակի տարբերություն կունենա, կախված շփման մակերեսների մաշվածությունից:

-Կա՞ այնպիսի զգացողություն, որ գործ ունեք սրբազան ու առեղծվածային կառույցի հետ, թե՞ ավելի գիտականորեն եք վերաբերվում հարցին:

ԱՄԻՐԱՆ ԲԱԴԻՇՅԱՆ- Միջնադարում ոչ մի հոգևոր կառույց պատահական տեղում չի կառուցվել: Դրանք կառուցվել են կա՛մ արդեն գոյություն ունեցող սրբավայրերի տեղում, կա՛մ երազի և տեսիլքների միջոցով թելադրված վայրերում: Այս իմաստով համարում ենք, որ մեծ արժեք է ներկայացնում նաև Տաթևի սյունը, որը գավազանի խորհրդանիշ է և շարժման մեջ է եղել երկնային ուժերի, էներգետիկ դաշտի, կայծակի, երկրաշարժի կամ ֆիզիկական ուժի շնորհիվ (չեմ ուզում հատուկ շեշտադրում անել, քանի որ դա համապատասխան մասնագետների գործն է): Ինչ վերաբերում է աստղաֆիզիկական և այլ ուսումնասիրությունների արդյունքներին, կարծում ենք, որ մեր նախնիները իսկապես տիրապետել են այդ ամենին և սյունը պատահական տեղում չեն կառուցել: Այսօր ուսումնասիրողները սյունը կապում են Օրիոնի համաստեղության հետ և շատ ավելի հեռուն են գնում, ինչն ուրախալի է, քանի որ գավազան-սյունը, յուրահատւկ ճարտարապետական կոթող լինելուց բացի, կարող է նաև այլ բնույթի արժեքի կրող հանդիսանալ: Ի վերջո, անկախ սրբազան, առեղծվածային, հոգևոր զգացողություններից, եթե գործ ունենք պատմաճարտարապետական հուշարձանի հետ, պետք է նկատի ունենանք հետևյալ առաջնային և կարևոր հանգամանքը. հոգևոր, պատմական, ճարտարապետական և այլ արժեքներ կրող կառույցն անհրաժեշտ է պահպանել և փոխանցել ապագա սերունդներին, ինչի իրականացման երաշխիքը գիտական վերականգնման սկզբունքներից չշեղվելն է:

-Ե՞րբ են սկսվելու սյան վերանորոգման աշխատանքները:

Ս. ԱՅՎԱԶՅԱՆ - Վանքի ընդհանուր վերականգնման ժամանակացույցը դեռևս հստակ չէ: Եթե այս տարի ծրագրվեն աշխատանքները, հավանաբար առաջնահերթ կլինի գավազանի վերականգնումը: 2010-ին «Տաթևեր» ճոպանուղու շինարարության ծրագրի շրջանակներում վերականգնվեց վանքի 18-րդ դ. ձիթհանը, և ունեցանք ավարտուն մեկ վանքապատկան բավականին հաջող արտադրական կառույց, որն այսօր զբաղվում է ձիթարտադրությամբ: Համալիրի ամբողջական վերանորոգումը, նախնական հաշվարկներով, ծրագրված է ավարտել 2017-ին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 13031

Մեկնաբանություններ